Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետը ավարտվել է․ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ
Այսօր ավարտվեց հոկտեմբերի 17-ին կայնալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը: Հոկտեմբերի 2-12-ը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով հայտ էին ներկայացրել 10 քաղաքական ուժեր ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք, ավագանու 33 մանդատի համար կպայքարեն 290 թեկնածուներ:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ փաստաթղթերը գրեթե 95 տոկոսով ստուգվել էին հենց ներկայացման պահին, բոլոր թերություններն ու անճշտությունները շտկվել էին, այս ժամանակահատվածում գրեթե անելիք չեն ունեցել:
«Փաթեթներում առկա անճշտությունները հիմնականում կապված էին անձը հաստատող փաստաթղթերի հետ, թեկնածուները անձնագրային բաժիններից տեղեկանքները վերցրել էին մեկ այլ անձը հաստատող փաստաթղթով, իսկ հանձնաժողով էին ներկայացրել մեկ ուրիշ փաստաթղթով, նաև կանոնադրություններում երբեմն բացակայում էին կուսակցության կնիքները, բոլոր թերությունները տեղում ուղղվել են: Այս ընթացքում ինքնաբացարկ հայտնած կուսակցություններ, դաշինքներ կամ առանձին թեկնածուներ չեն եղել, ամեն ինչ հաստատվել է այնպես, ինչպես որ ներկայացրել էին քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,-նշել է Տիգրան Ղազարյանը:
Վաղը ՝ ժամը 11:00-ին թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում 10 քաղաքական ուժերը կմասնակցեն վիճակահանության, որի ընթացքում էլ կորոշվի քվեաթերթիկներում նրանց հերթական համարները, իսկ սեպտեմբերի 22-ից կմեկնարկի քարոզարշավը: