ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին` Չուկոտկայում և Կամչատկայում, գրում է lenta.ru-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու՝ միամանդատ ընտրատարածքներում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով:
«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը:
Աղբյուրը նկատում է, որ արևմտյան երկրներն ավանդաբար սադրանքներ են նախապատրաստում Ռուսաստանում ընտրությունների նախաշեմին: Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության է արժանացել լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսի զեկույցը Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» վերաբերյալ, որը ներառում է Մոսկվայի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերանայում և խախտումների բացահայտման դեպքում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու պատրաստակամություն: