Իրանցի երաժիշտը կարող է ազատազրկվել՝ կանանց մասնակցությամբ ալբոմ թողարկելու համար
Իրանցի երաժիշտ Մեհդի Ռաջաբիանը կարող է ազատազրկման դատապարտվել նոր երաժշտական ալբոմի համար, որը ստացել է Coup Of The Gods («Աստվածների հեղաշրջում») անվանումը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, ազատազրկում նրան կարող է սպառնալ այն պատճառով, որ ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են երկու ամերիկացի երգչուհի, որոնք որոշ հատվածներ են կատարել երգերից: Ալբոմի ստեղծմանը ներգրավվել են նաև բրազիլական նվագախումբը, ռուս, թուրք, հնդիկ, արգենտինացի երաժիշտներ:
Նրանցից բացի ալբոմում հնչում է ամերիկուհիներ Լիզի Օ'Վերիի և Օդրի Ջոնսոնի ձայնը: Սակայն Իրանում արգելվում է կին վոկալիստների գործունեությունը:
Երաժիշտն, այնուամենայնիվ, անդրդվելի է: «Ես հետքայլ չեմ անի և ինքս ինձ գրաքննության չեմ ենթարկի»,- ասել է երաժիշտը BBC News-ի հետ զրույցում:
Երբ Ռաջաբիանն անցյալ տարի հայտնել էր կին երաժիշտների հետ աշխատելու իր մտադրության մասին, վերջինիս ձերբակալել էին:
Այնուհետև, երբ նա կանգնել էր դատարանի առաջ, դատավորը երաժշտին ասել էր, որ ինքը «խրախուսում է մարմնավաճառությունը»: Գրավի դիմաց բանտից դուրս գալուց հետո նա շարունակել է իր գործունեությունը: