Ֆրանսիայում առողջապահության ոլորտի շուրջ 3000 աշխատակից է հեռացվել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստված չլինելու պատճառով
Ֆրանսիայում առողջապահության ոլորտի մոտ 3000 աշխատակից հեռացվել է աշխատանքից «Քովիդ-19»-ի դեմ պատվաստված չլինելու պատճառով:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, չորեքշաբթի ուժի մեջ մտած նոր օրենքով պատվաստումը պարտադիր բնույթ է կրում երկրի 2,7 մլն բնակչի համար, որոնք աշխատում են առողջապահության ոլորտում, ինչպես նաև խնամքի կենտրոններում և հրշեջ ծառայությունում:
Սակայն երկրի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հինշաբթի հայտարարել է, որ «հեռացումներից շատերը ժամանակավոր բնույթ են կրում»:
Նոր օրենքն անմիջապես վերաբերում է բոլոր բժիշկներին, բուժքույրերին, սպասարկող անձնակազմի անդամներին և կամավորներին:
Պատվաստման մասին նոր կանոնի մասին առաջին անգամ նախագահ Էմանուել Մակրոնը խոսել էր հուլիսի 12-ին՝ զգուշացնելով ոլորտի աշխատակիցներին, որ նրանք պետք է մինչև սեպտեմբերի 15-ը պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժին ստանան: