Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, սպորտի երախտավորներ:
Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: «Լևոն Հայրապետյանն իսկապես նվիրյալ էր, նա ապրում էր այս մարզաձևով և դպրոցն իր տունն էր համարում: Արդարացված որոշում է մարզադպրոցն այսուհետ նրա անունով կոչելը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ կրթօջախին մաղթելով նոր նվաճումներ և չեմպիոններ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը աջակցության և դպրոցն ի պատիվ Լևոն Հայրապետյանի անվանելու համար: Նա նշել է, որ այն հիմնադրվել է 1983 թվականին և մինչ օրս տվել է աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ:
Ցուցանակի բացման արարողությանը հաջորդել են Լևոն Հայրապետյանի անվան 2-րդ հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում:
Մրցագորգում ելույթ են ունեցել մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Արցախից և Հայաստանի մարզերից ու Երևանից: Կարեն Գիլոյանը մարզիկներին մաղթել է թեժ մրցակցություն:
Հայկական սպորտի զարգացման, սամբո մարզաձևի հանրահռչակման, սամբոն՝ որպես օլիմպիական մարզաձև ճանաչելու գործում ունեցած աջակցության համար ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին ֆեդերացիայի կողմից հանձնվել է շնորհակալագիր: