«Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի դաշինքն ուղղված չէ որևէ երկրի դեմ». Բորիս Ջոնսոն
Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների (AUKUS) կողմից ձևավորված անվտանգության նոր գործընկերությունը չի թիրախավորում որևէ երկրի: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկրի խորհրդարանի Համայնքների պալատում ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարևոր է Համայնքների պալատին պարզաբանել, որ AUKUS-ի գործընկերությունը նախատեսված չէ որևէ այլ երկրի հետ առճակատման համար», - ասել է Ջոնսոնն այն հարցին ի պատասխան, թե արդյոք AUKUS-ի ստեղծումը պատասխան է Չինաստանի ռազմական հզորությա ավելացմանը:
Ջոնսոնը ասել է, որ նոր գործընկերության անդամները հետաքրքրված են «ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ամբողջ աշխարհում նավագնացությունը և առևտրի ազատությունը» պաշտպանելու հարցով:
Նշենք, որ AUKUS եռակողմ պաշտպանական դաշինք է, որը ստեղծվել է Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կողմից: Ստեղծման ուղերձը տեղադրված է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին: Դաշինքը նպատակ ունի հակազդել չինական էքսպանսիոնիզմին Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Դաշինքի շրջանակներում Ավստրալիայի ռազմածովային ուժերը առաջին անգամ կկարողանան միջուկային սուզանավեր կառուցել: