Արտախորհրդարանական երեք ուժ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում. ով է ընտրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք պետք է ընդգրկված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ եւ առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։
Մեր տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ հստակեցվել է ցանկը, եւ չնայած ի սկզբանե առաջարկ է եղել, որ բոլոր ներկա ուժերն էլ լինեն, սակայն մենք տեղեկացանք, որ այդ առաջարկին դեմ է եղել Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, թե այդպես նիստերի տեւողությունը կերկարի, անբովանդակ կխոսեն, եւ որոշում է կայացրել կանգ առնել երեք արտախորհրդարանական ուժի վրա եւ նրանց ներկայացնել հանձնաժողովին։ Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ»-ի համաձայն՝ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամները։
Այս ամենը, սակայն, համակարգում է հենց Անդրանիկ Քոչարյանը եւ որոշում բոլոր հարցերը, ընդ որում՝ արդեն իսկ հանձնարարված է, որ ամեն ինչ պետք է փակ, գաղտնի արվի։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերից ընդգրկված կլինեն Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի եւ Նորայր Նորիկյանի գլխավորած ուժերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում