Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը? ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։
Տեղեկացնենք, որ «Սպիտակ Իշխանի» մեկ կիլոգրամը, եթե այն վաճառքի կա, ապա արժե 2300 դրամ, իսկ «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով։ Բայց սա դեռ ամենը չէ. այն առաջիկայում է՛լ ավելի է թանկանալու։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնաբույծները, իսկ պատճառը ջուրն է։ Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ձկնամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն կերի թանկացմամբ, այլեւ էլեկտրաէներգիայի սակագինն է ձկնարտադրողների համար բարձրացել։
«Դրանք քիչ են, հիմա էլ ջուրն է թանկանում։ Ջուրը մենք գնում ենք պետությունից, հետո այն հետ ենք տալիս պետությանը դրենաժների միջոցով ոռոգման համար։ Հիմա ուզում են որոշում կայացնել, որ դրա համար էլ պարտավորված լինենք վճարել 0.11 դրամ՝ 1 խմ դիմաց։ Իսկ մենք մեծ քանակի ջրեր ենք օգտագործում, 24 ժամ օգտագործվում է այդ ջուրը։ Բնականաբար, այս ամենը կտանի թանկացման. կերն ամբողջությամբ գնում ենք եվրոյով, դոլարով, հոսանքի համար մեծ գումարներ ենք վճարում, իսկ մենք ահռելի չափերի հոսանք ենք օգտագործում»։
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ ջրի սակագների բարձրացման պահանջով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում