ՀԴԲՆ և Նյու Յորքի ոստիկանությունը Կոլոմբոյի մաֆիոզ կլանի պարագլխին են ձերբակալել
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել են Կոլոմբոյի մաֆիոզ խմբավորման ինը անդամների, այդ թվում՝ դրա առաջնորդ Էնդրյու Ռուսսոյին եւ նրա տեղակալ Բենջամին Կաստելացցոյին: Նրանք կասկածվում են կոռուպցիայի եւ խարդախության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:
Գործողության ընթացքում ձերբակալվել է 12 մարդ, որոնցից 9-ը՝ Կոլոմբոյի կլանի անդամներ են կամ կապված են նրանց հետ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, շուտով կարող է հաջորդել մեկ այլ անձի ձերբակալություն: Ձերբակալվածներին դատարանում երեքշաբթի ուշ երեկոյան մեղադրանք կառաջադրվի:
Կոլոմբոյի ընտանիքը մաֆիայի հինգ խոշոր խմբավորումներից մեկն է, որոնք վերահսկում են կազմակերպված հանցավորությունը Նյու Յորքում, հայտնում է NBC-ն: Ձերբակալվածներից մեկը պատկանում է Բոնաննո ընտանիքին, որը նույնպես այս կլաններից է: