Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 13․000 եվրոյի փոխհատուցում վճարել 10 տարվա ազատազրկման դատապարտված նախկին քաղաքապետին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անարդար է համարել Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ Թունջեր Բաքրհանի դեմ իրականացված քրեական հետապնդումը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) համանախագահ Բաքրհանին «Թուրքիայի Հանրապետությանը և պետական կառույցներին ուղղված վիրավորանք հնչեցնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին պրոպագանդա կատարելու» մեղադրանք էր առաջադրվել։ Ինչի հիման վրա նա դատապարտվել էր 10 տարի 10 ամիս ազատազրկման։
Թունջեր Բաքրհանը 2 տարի 11 ամիս անցկացրել է բանտում, ընդ որում, դրանից 2 տարի 8 ամիսը՝ նախնական կալանավորման շրջանակներում։ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախկին քաղաքապետին առաջադրված մեղադրանքը խոսքի ազատության խախտում է և Թուրքիային պարտավորեցրել է 10․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում վճարել Բաքրհանին։
Նշենք, որ Սիիրթի նախկին քաղաքապետը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 16-ին և շուրջ 3 տարի անցկացրել բանտում։