Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա խնդիրները
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հանդիպման կողմերը գրել են իրենց թվիթերյան հաշիվներում։
«Շնորհակալություն մեզ այցելելու համար: Մենք մեր օրակարգի հարցերի շուրջ ունեցանք արդյունավետ բանավեճ և քննարկում ենք դրանք հաղթահարելու ուղիները»,- հանդիպումից հետո գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
«Ուրախ եմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման համար: Մենք նրա հետ քննարկեցինք երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա իրավիճակը և ընդհանուր մտահոգող խնդիրները»,- գրել է դեսպանը:
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ տեղեկություն եղավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները։ Ադրբեջանցիները նույնիսկ գումար են պահանջում իրանցի վարորդներից։