ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել՝ առանց նախապայմանների հանդիպելու ԿԺԴՀ պաշտոնյաների հետ
Վաշինգտոնի վարչակազմը պահպանում է ԿԺԴՀ-ի պաշտոնատար անձանց հետ անմիջական դիվանագիտական փոխգործակցություն ծավալելու պատրաստակամությունն՝ առանց նախապայմանների: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան փոխխոսնակ Կարին Ժան-Պիեռը:
«Մեր դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ չի փոխվել: Մենք նախկինի պես պատրաստ ենք փոխգործակցություն ծավալել ԿԺԴՀ-ի հետ: Մենք դարձյալ առաջարկում ենք հանդիպել ցանկացած վայրում ցանկացած ժամին և առանց նախապայմանների: Դա չի փոխվել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել էր նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին: Փորձարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-12-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռները թիրախները խոցել են 1500 կմ հեռավորությամբ: