Բայդենը պատմել է Աֆղանստանում ԱՄՆ-ի թույլ տված սխալի մասին
ԱՄՆ-ն իզուր է մնացել Աֆղանստանում և փորձել միավորել երկիրը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը վերջ դնելուց հետո: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաք կատարած այցի ժամանակ, գրում է news.yahoo.com-ը:
«Կարո՞ղ է «Ալ Քաիդան» վերադառնալ: Այո՛: Բայց այն արդեն իր ներկայությունն ունի այլ վայրերում: Արդյո՞ք մենք պետք է ներխուժենք բոլոր այն վայրերը, որտեղ կա «Ալ Քաիդա»-ն և այնտեղ թողնենք մեր զորքերը: Ո՛չ»,-ասել է նա:
Խոսելով Աֆղանստանից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին՝ Բայդենը նշել է աֆղանական արշավի ընթացքում Միացյալ Նահանգների լուրջ ֆինանսական ծախսերը:
«Եթե մենք նախապես հասկանայինք, որ 20 տարի օրական 300 միլիոն դոլար կծախսենք, որպեսզի փորձենք միավորել այս երկիրը Բեն Լադենին չեզոքացնելուց հետո, «Ալ Քաիդա»-ի ոչնչացումից հետո, գուցե, մենք ինչ-որ բան ավելի վաղ փոխեինք»,-ասել է Բայդենը: