Թուրքիայում տեղական ԱԹՍ-ներն ու հրթիռային համակարգերը կառավարող ցամաքային կայան է ստեղծվել
Թուրքիայում մշակվում է նոր ցամաքային կայան, որը պետք է հետևի ու կառավարի տեղական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքը։
«Mobil Telemetre» կոչվող կայանը ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում, որտեղ Թուրքիան ներկայացրել է ռազմարդյունաբերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Mobil Telemetre» շարժական կայանը բաղկացած է ալեհավաք համակարգից և կառավարման վահանակից։ Կայանի ստեծման աշխատանքները սկսվել են 8 ամիս առաջ։ Ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականին։ Դրա առաջին պատվիրատուն Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունն է։
Թուրքական մամուլի համաձայն՝ կան նաև որոշ արտասահմանյան պատվիրատուներ, որոնց հետ դեռևս բանակցությունն են ընթանում։