Եվրոպային սպասվում են ծայրահեղ երաշտներ
Գերմանիայի և Կանադայի գիտնականները կանխատեսել են, որ Եվրոպայում մինչև 21-րդ դարի վերջ սպասվում են ավելի հաճախակի և երկարատև երաշտներ: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Frontiers in Water-ում, ցույց է տալիս, որ եվրոպական երաշտները ժամանակի ընթացքում կդառնան ավելի սաստիկ և ծայրահեղ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ երաշտներն ամենալուրջ սպառնալիքն են գյուղատնտեսության համար աշխարհի բոլոր մասերում: Ամեն տարի ամբողջ աշխարհում դրանց հետևանքներից տուժում է մոտ 55 միլիոն մարդ:
Կլիմայի փոփոխության հետ մեկտեղ, ամառային երաշտները դարձել են Եվրոպայում արդիական խնդիր: Հետազոտողների կարծիքով, ածխաթթու գազի բարձր արտանետումների դեպքում հստակ միտում կա դարավերջին ամառային երաշտների տևողության և ինտենսիվության ավելացման և տեղումների պակասի: Նրանց տվյալներով՝ 2080 -ից մինչև 2099 թվականը Եվրոպայում կդիտվի ամառային երաշտների հաճախականության և ինտենսիվության աճ և ձմեռային երաշտների թվի նվազում տարբեր կլիմա ունեցող մի քանի շրջաններում: Գիտնականները որոշել են ապագա երաշտների չորս թեժ կետեր՝ Ֆրանսիան, Ալպերը, Միջերկրական ծովը և Պիրենեյան թերակղզին:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ կլիմայի անդադար փոփոխությունը կտրուկ մեծացնում է թեժ կետերում երաշտի վտանգը: Բայց նաև սպասվում է, որ որոշ շրջաններում, որտեղ երաշտներն այս պահին երկրորդական դեր են խաղում, հետագայում դրանց ռիսկը լուրջ կդառնա: Մենք ցույց ենք տալիս, որ Ալպերը ապագայում պետք է դիտել որպես լրացուցիչ թեժ կետ», – ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մագդալենա Միտերմայերը Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանից:
Նրա խոսքով, ամառային ծայրահեղ երաշտներից կարելի է խուսափել՝ մեղմելով կլիմայի փոփոխության հետևանքները: