«Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել են Платформа-М մարտական ռոբոտ սարքերը
ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացված «Արևմուտք-2021» զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են Платформа-М հարվածային ռոբոտատեխնիկական համալիրները, որոնք համալրված են նռնականետերով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Զորավարժության ժամանակ քաղաքային պայմաններում պայմանական անօրինական զինված խմբավորումների վերացմանն ուղղված առաջադրանքներ կատարելիս և շարժական ու անշարժ թիրախների ուղղությամբ ավիահարվածներ իրականացնելիս մոտոհրաձիգներն ու դեսանտային ուժերը կիրառել են Платформа-М հեռավար կառավարվող ռոբոտացված հարվածային համալիրները, որոնք զինված են 4 նռնականետով և Կալաշնիկովի գնդացիրներով»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Մասնավորեցվել է, որ մարտական աշխատանքներ են իրականացվել նաև հետախուզության և ականապատ դաշտերն անցնելու ուղղությամբ:
Բելառուսի և Ռուսաստանի համատեղ «Արևմուտք-2021» զորավարժությունների շրջանակում պրակտիկ գործողությունները սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում անցկացվում են Կալինինգրադի երկու զորավարժարանում: Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ: