Ռուս հայտնի լրագրողն առաջին անգամ բաց կթողնի լուրերի թողարկումը կորոնավիրուսի պատճառով
Ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովը կորոնավիրուսով հոսպիտալացման պատճառով առաջիկա կիրակի չի վարի «Վեստի Նեդելի» (Вести недели) հաղորդումը, որը հեռարձակվում է Россия 1 հեռուստաալիքով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ վերջինս տվյալ հաղորդումը վարելու իր տասնամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ եթերում կհայտնի այլ ձևաչափով: Անցյալ երեքշաբթի Կիսիլյովը գործակալությանը հայտնել էր, որ հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ և բարձր ջերմությամբ:
«Կյանքումս առաջին անգամ բաց եմ թողնում եթերը հիվանդության պատճառով և կիրակի չեմ վարի իմ սիրած հաղորդումը: ՊՇՌ թեստի արդյունքը դեռևս դրական է, և ես պետք է մնամ հիվանդանոցում: Միևնույն ժամանակ ապաքինվում եմ, ջերմությունը 36.4 է: Այդ արդյունքին հաջողվել է հասնել բուժման արդյունքում և բժիշկների ջանքերով»,- ասել է լրագրողը:
Վերջինս հավելել է, որ կհայտնվի Ելենա Երոֆևեայի ռեպորտաժում, որպեսզի հանդիսատեսին ողջունի անմիջապես հիվանդանոցի սենյակից:
Լուրերի կիրակնօրյա հաղորդումը կվարի Իգոր Կոժևինը: