Համաճարակի ընթացքում ԱՄՆ-ում մահացած ծնված երեխաների թիվը կրկնապատկվել է
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ մահացած երեխաների թիվը չպատվաստված հղիների մոտ նախահամաճարակային մակարդակի համեմատ կրկնակի աճել է, գրում է The Washington Post-ը:
Նահանգում հետաքննվում են COVID-19-ով վարակված 8 ծննդկանների դեպքերը։ Ծննդկաններից մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում ենթարկվել են կեսարյան հատման։
Բժիշկ Թոմաս Դոբսի խոսքերով՝ Միսիսիպիում, կորոնավիրուսով վարակված չպատվաստված հղիների շրջանում, ամբողջ համաճարակի ընթացքում, գրանցվել է պտղի 72 մահ: Այս թիվը ներառում է միայն մահերը 20 շաբաթական հղիությունից հետո, բայց ոչ այն վիժումները, որոնք տեղի են ունենում մինչ այս օր:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հորդորել են ապագա մայրերին պատվաստվել, քանի որ COVID-19-ը կարող է լրջորեն բարդացնել հղիությունը:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակված հղի կանանց մոտ լուրջ հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է: