Champions Showdown․ Արոնյանը պարտության մատնեց Մամեդյարովին
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ եւ առավելության հասավ 37 քայլում։
Արոնյանը 3,5 միավորով 7-րդ տեղում է։ Մամեդյարովը 8-րդն է՝ 2,5 միավոր։ Առաջին տեղը 4,5-ական միավորով բաժանում են ռուսաստանցի Գարի Կասպարովը, ամերիկացիներ Սեմ Շանքլանդն ու Լենիեր Դոմինգեսը։ 4-6-րդ տեղերը բաժանում են ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Նախորդ տուրերում 38-ամյա հայ գրոսմայստերը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտվել ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերին ու Գարի Կասպարովին, ոչ ոքի խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։
Վերջին երկու տուրերում Արոնյանի մրցակիցներն են Սեմ Շանքլանդն ու Լենիեր Դոմինգեսը։
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 11-ին։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, հաղթողը կստանա 37 հազար 500 դոլար։