Հայ աշակերտները տպավորիչ արդյունքներ են գրանցել մենթալ թվաբանության օլիմպիադայում (ֆոտո)
Հազարամյակների պատմություն ունեցող մենթալ թվաբանության մեթոդը գնալով ավելի մեծ տարածում է ձեռք բերում Հայաստանում, և ավելի շատ հայ երեխաներ մասնակցում միջազգային հեղինակավոր մրցաշարերի։
Այսպես, օրերս՝ սեպտեմբերի 3-4-ը Արաբական Միացյալ Էմիությունների Դուբայ քաղաքում տեղի է ունեցել WAMAS 2021 մենթալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացել է 5-15 տարեկան 21 մասնակցով՝ բոլորն էլ «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի սաներ։ 2020 թվականին WAMAS 2021-ը չեղարկվել էր համաճարակային իրավիճակով պայմանավորված, ուստի երեխաները անհամբերությամբ էին սպասում այս իրադարձությանը։
WAMAS 2021 օլիմպիադային ներկա էին 300 մասնակիցներ 12 երկրից։ Երեխաները մրցում են ոչ միայն ըստ տարիքային խմբերի, այլև ըստ մենթալ թվաբանության բարդության աստիճանների, ըստ այդմ կա 12 բարդություն, յուրաքանչյուր բարդության մեջ 4 տարիքային խումբ։ «Աբակ»-ը ասոցիացիայի հետ համագործակցում է 2018 թվականից, և սա նրանց համատեղ 3-րդ օլիմպիադան էր։ «Կարծում եմ՝ հենց համավարակային երկար ընդհատման պատճառով էր, որ այս տարի մենք ներկայացել ենք ամենամեծ թիմով․ 2018 թվականին մեր մասնակիցների թիվը 10-ն անգամ չէր անցնում, իսկ այս տարի 21 հոգով ենք ներկայացել, և այս տարին բացառիկ է նաև նրանով, որ բացի մայր ակադեմիայից մեզ հետ համատեղ մասնակցություն են ցուցաբերել նաև մասնաճյուղերի սաները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակադեմիայի հիմնադիրներից Դիանա Հովհաննիսյանը։
«Աբակ» ակադեմիայի անձնակազմը հոգացել էր նաև Հայաստանը ներկայացնող թիմի յուրօրինակ ներկայացման մասին․ երեխաները օլիմպիադայի անցկացման վայր են ներկայացել հանդիսավոր, զվարթ քայլերթով, իսկ երկրորդ մրցութային օրվա ավարտին օլիմպիադայի մասնակիցների համար ելույթ է ունեցել 5-ամյա Գայա Մովսեսյանը՝ պարելով «Մախմուր աղջիկ» ստեղծագործության ներքո, ինչն արժանացել է ներկաների բարձր ծափողջյուններին: Բացի այդ, մրցութային օրերից զատ մեծ ուշադրություն էր դարձվել Էմիրություններում երեխաների ուրախ ժամանցի կազմակերպմանը, այսպիսով՝ մեր ներկայացուցիչները Հայաստան են վերադարձել հաղթական արդյուքներով և վառ հիշողություններով լի։
Երկու մրցութային օրերի արդյունքներով «Աբակ» ակադեմիայի սաներից եռակի սուպերչեմպիոն Դավիթ Սուքիասյանը (Intermediate III խումբ, 9 տարեկան) արժանացել է սուպերչեմպիոնական տիտղոսի։ Իսկ դա նշանակում է, որ երեխան այդ պահին իր տարիքային խմբում աշխարհում լավագույնն է։ Գայա Մովսեսյանը (Start III խումբ, 5 տարեկան), Հրանտ Բարսեղյանը (Basic խումբ, 9 տարեկան), Վոլոդյա Սարգիսյանը (Abac Kids - Մալաթիա-Սեբաստիա, Basic խումբ, 9 տարեկան) և Արեգ Կիվիրյանը (Start III խումբ, 7 տարեկան) արժանացել են չեմպիոնի տիտղոսի։ Նշենք, որ փոքր տարիքային խմբերում սուպերչեմպիոնական տիտղոս չի նախատեսվում և չեմպիոնի տիտղոսն ամենաբարձրն է։ Ալեքս Թանգամյանը (Basic խումբ, 9 տարեկան), Վահան Արուշանյանը (Start III խումբ, 9 տարեկան), Աննա Վարդանյանը (Start III խումբ, 5 տարեկան), Արամ Թանգամյանը (Start III խումբ, 7 տարեկան), Նատալի Աքսյանը (Start II խումբ, 7 տարեկան) և Էրիկ Իրիցյանը (Abac Kids - Արմավիր, Start III խումբ, 11 տարեկան) զբաղեցրել են առաջին հորիզոնականը, Ռոբերտ Մելքոնյանը (Start I խումբ, 7 տարեկան), Վահագն Գրիգորյանը (Start III խումբ, 9 տարեկան), Էմիլի Թադեւոսյանը (Basic խումբ, 11 տարեկան), Գեւորգ Թորոսյանը (Start III խումբ, 7 տարեկան) և Աշոտ Գասպարյանը (Start I խումբ, 9 տարեկան) երկրորդ հորիզոնականը, իսկ Անահիտ Հախվերդյանը (Abac Kids - Շնող, Basic խումբ, 13 տարեկան), Ռաֆայել Մովսեսյանը (Intermediate II խումբ, 9 տարեկան), Կամո Հակոբյանը (Basic խումբ, 11 տարեկան), Միքայել Մինասյանը (Start III խումբ, 9 տարեկան) և Սառա Դարբինյանը (Start III խումբ, 7 տարեկան)՝ երրորդ հորիզոնականը։ «Մենք ակնկալում էինք ավելի շատ սուրպերչեմպիոններ ունենալ, որովհետև թիմում ունենք նման պոտենցիալով երեխաներ։ Կարծում եմ՝ հուզմունքն էր պատճառը, որ երեխաները չնվաճեցին այդ տիտղոսը, բայց լինելով ստուգող հանձնաժողովում, մենք տեսանք, որ հայ երեխաների՝ Հայաստանում ցուցաբերած արդյունքերը հաղթողներին չէին զիջում»,- նշեց «Աբակ»-ի համահիմնադիր Նարինե Բալայանը։
Նշենք, որ Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի կողմից հիմնադրված «Աբակ» ակադեմիան 2016 թվականին առաջին անգամ Հայաստան է բերել մենթալ թվաբանության մեթոդը։ Ակադեմիան այսօր արդեն ունի 23 մասնաճյուղ Երևանում և մարզերում։