«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքում հիվանդների թիվն ավելացել է
Նոր ուսումնական տարին ինչ սկսվել է, Շիրակի մարզում պատվաստվողների շարքում կրթության ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է։ Մեծամասնությունը ուսուցիչներն են, բայց և այլ կառույցների աշխատակիցների ակտիվությունն էլ պակաս չէ։ Սրա պատճառահետևանքային կապն էլ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող որոշումն է, աշխատանքային կոլեկտիվում գտնվել կա՛մ պատվաստված, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանք։ Դրա համար պոլիկլինիկաներում օրվա բոլոր ժամերին պատվատվողները շատ են։
Պոլիկլինիկայի իմունականխարգելման բաժնի պատասխանատուն ամեն օր պաստվատվողների ցուցակի համեմատություններ է անում , օրական գրանցումներում տեսնում է դիմելիության դինամիկան։
«Վերջին 10 օրերին պատվաստումների ցուցանիշը կտրուկ աճել է, օրինակ երեկ ունեցել ենք 130 պատվաստում, սա ռեկորդային թիվ է։ Իսկ թեստավորումները մեկ օրում մինչև 10 թեստավորում ենք անում, դրական արդյունք կարող է լինել 4-ը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
Հոսպիտալացման ցուցումով դեպքերը քիչ են առաջնային օղակներից, բայց «Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքում ազատ մահճակալներ չկան։ Այլ մարզերից հաստատված դեպքերով ընդունելությունն է շատ։
«Բաժանմունքն աշխատում է 100 % ծանրաբեռնվածությամբ, ունենք տարբեր աստիճանի հիվանդներ՝ թեթևից մինչև ծայր աստիճան ծանր, մահճակալային ֆոնդը սպառված է, լինում են օրեր, որ ընդամենը մի քանի ազատ մահճակալ է լինում»,- ասել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Այս պահին համեմատաբար թեթև է աշխատում տրիաժ բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժման են ընդունում հիմնականում Շիրակի մարզից հիվանդների։ Երկու բաժանմունքներում էլ, համավարակի այս ալիքում, երիտասարդ տարիքի հիվանդներն են ավելացել և բավական ծանր ընթացքով։
Ամեն օր փաստացի բուժում ստացող հիվանդների թվի ավելացումն էլ, ըստ մասնագետների, խոսում է այն մասին, որ վիրուսի վտանգավոր շտամն է տարածում գտել, որի բուժման ընթացքը խիստ տարբերվում նախկինից, այսինք՝ վիրուսն օրգանիզմում ավելի արագ է զարգանում ու ախտահարում, անկախ նրանից պացիենտը ուղեկցող հիվանդություններ ունի, թե՝ ոչ։