ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ է արել «գլուխը հանել ավազից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» հրավիրել՝ խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը նշել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել սկսել նոր դարաշրջան և համարձակ տրանսֆորմացված քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով:
Գուտերեշը կոչ է արել նաև «գլուխը հանել ավազից» և պատրաստ լինել առերեսվել առողջապահության, ֆինանսների, կլիմայի ապագա ճգնաժամերին:
«Մեր ընդհանուր օրակարգի մասին իմ զեկույցի գլխավոր հանձնարարականներից մեկն այն է, որ աշխարհը պետք է միասին հավաքվի, որպեսզի քննարկի այս և այլ հարցերը ապագա բարձր մակարդակի գագաթնաժողովում: Այդ գագաթաժողովն ուղղված կլինի նոր գլոբալ կոնսենսուսի ձևավորմանը, թե ինչպիսին պետք է լինի մեր ապագան և ինչպես կարող ենք այն պահպանել», - ասել է նա:
Նրա խոսքով ՝ բարձր մակարդակի հանդիպումը պետք է ներառի նոր օրակարգ՝ հանուն խաղաղության, որը ենթադրում է գլոբալ անվտանգության ավելի համապարփակ և ամբողջական հայացք: