Իրանի վիմագիր արձանագրությունների լուսանկարների ցուցահանդես Մատենադարանում
Իրանի սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում, պարսկերեն վիմագիր արձանագրությունների լուսանկարների ցուցահանդեսով ու դրանց նվիրված դասախոսությամբ Մատենադարանն սկսում է հայ-իրանական մշակութային փոխառնչություններին նվիրված միջոցառումների շարքը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գնահատմամբ՝ մշակութային փոխգործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հարաբերությունների բոլոր ոլորտներում:
Աբբաս Բադախշան Զոհուրի, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան - Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բոլոր խնդիրներին պետք է լուծում տալ քաղաքակրթական գործիքների միջոցով: Այս միջոցառումը բարեկամության պատգամ ունի: Մեր երկրների միջմշակութային փոխհարաբերությունները 3000-ամյա պատմություն ունեն, և մենք պետք է կարողանանք երկկողմ ներուժից լավագույնս օգտվել:
Աշնան ամիսներին միջոցառումներից բացի կլինեն նաև գրքերի հրատարակություններ և մասնագիտական փորձի փոխանակում՝ հատկապես իրանական ձեռագրերի վերականգման հարցում: Մատենադարանի տնօրենը չափազանց կարևորում է հայ-իրանական օրակարգի ակտիվացումը:
Իրանի մշակութային ժառանգության ակադեմիայի հետազոտական բաժնի պրոռեկտոր Մորթեզա Ռեզվանֆարն իր կյանքի 10 տարիները նվիրել է պարսկերեն վիմագիր արձանագրությունների ուսումնասիրությանը: Վաղ միջնադարից մինչև 19-րդ դար պարսկերենը մեծ տարածում է գտել անգամ Իրանից շատ հեռու երկրներում և 1060 տարի առաջ հասել է անգամ մինչև Տանզանիա: Իրանի մեծ պոետները՝ Սաադին, Ֆիրդուսին, որ նաև այդ մեծ քաղաքակրթության դեսպաններն էին աշխարհում, դոկտոր Ռեզվանֆարի կարծիքով՝ ինքնին նպաստում էին պարսկերենի տարածմանը երկրի սահմաններից դուրս:
Մորթեզա Ռեզվանֆար, ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի հետազոտական բաժնի պրոռեկտոր - Չինաստանից մինչև Աֆրիկա, Արևելյան Եվրոպայի երկրներում գտել եմ պարսկերեն արձանագրություններով կառույցները, ուսումնասիրել, թարգմանել եմ դրանք և մտադիր եմ ատլասի միջոցով ներկայացնել Իրանի մշակույթն աշխարհում:
Մշակույթի նախարարությունում էլ, նկատի ունենալով Իրանում հայկական մեծարժեք մշակութային ժառանգության և ակտիվ հայկական համայնքի գոյությունը, ընդգծում են գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ըստ դոկտոր Ռեզվանֆարիի՝ իրանցիները որտեղ էլ որ եղել են, կարողացել են գեղեցիկ կերպով համադրել այդ երկրի և իրանական մշակույթը, Հայաստանի դեպքում՝ նա պատրաստ է նպաստել նաև հայկական մշակույթի քարոզչությանը: