44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթը պատրաստ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեռևս հուլիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը որոշում էր կայացվել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթն արդեն պատրաստ է, խորհրդարանի իշխանական ֆրակցիայի անդամներն արդեն ստորագրել են դիմումը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ստեղծման և բոլոր մնացած հարցերով անձամբ զբաղվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա վերահսկողության տակ է գտնվելու հանձնաժողովը, ու իր ղեկավարած հանձնաժողովի անդամներն էլ քննելու են 44-օրյա պատերազմի հանգամանքները:
Նշենք, որ հանձնաժողովի անդամներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Մենք տեղեկացանք, որ քննիչ հանձնաժողովում իշխանությունը նպատակ ունի ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, հիմա այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ձևավորումից հետո նիստերը փակ գաղտնի չեն լինելու, ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի դեպքում:
Թե երբ կսկսի հանձնաժողովն իր աշխատանքները, իշխանության ներկայացուցիչները որևէ տեղեկություն չունեն: Մենք երեկ փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։