Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են 3․5 ժամ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված բանակցությունները եղել են չափազանց ազնիվ և կրել են կառուցողական բնույթ։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն ու Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող են ակնթարթորեն էլ ավելի մերձենալ քաղաքական և ռազմական պլանում։
Պուտինն իր հերթին բանակցություններն անվանել է հագեցած և կառուցողական։ Բանակցությունները տևել են 3․5 ժամ։
Պուտինը նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է մինչհամավարակային մակարդակը։ Հունվար-հուլիս ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 17․8 մլրդ դոլար, աճը կազմել է մոտ 35 տոկոս։
Պուտինի խոսքով՝ իրենք կարողացել են համաձայնեցնել ՌԴ-Բելառուս դաշնակցային պետության բոլոր 28 ծրագրերը։ Դրանցում խոսքը վերաբերում է արժութային համակարգերի ինտեգրմանը, ահաբեկչության դեմ պայքարին, համատեղ ձեռնարկությունների թվի ավելացմանը և այլն։