Բժիշկն ասել է՝ ինչ հիվանդությունների մասին են ազդարարում կրծքավանդակի շրջանում ցավերը
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է, թե ինչ հիվանդությունների մասին կարող են ազդարարել կրծքավանդակի շրջանում կանոնավոր ցավերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Ըստ մասնագետի՝ դա կարող է լինել ոչ միայն մոտալուտ ինֆարկտի կամ նյարդաբանական հիվանդությունների, այլև շնչուղիների, աղեստամոքսային տրակտի, ինչպես նաև ուղեղի կամ ատամների հիվանդությունների նշան:
Մյասնիկովը պնդում է, որ եթե հիվանդը կարող է ճշգրիտ նշել ցավի տեղը, ապա նա չի տառապում սրտի խնդիրներից: Իսկ եթե մարդը ճնշում է զգում ամբողջ կրծքավանդակի շրջանում, ապա դա վկայում է սրտանոթային համակարգի հիվանդությունների մասին:
«Կարևոր է հասկանալ, թե ում մոտ կա իրական սրտային հիվանդության հավանականություն: Անհրաժեշտ է հաշվի առնել սեռը, տարիքը, ծխելը, ժառանգականությունը, հիպերտոնիայի առկայությունը, խոլեստերինի և շաքարի մակարդակը, քաշը, երիկամների հիվանդությունների առկայությունը: Այս բնութագրիչների ամբողջության հիման վրա ենք մենք եզրակացություններ անում», – ընդգծել է բժիշկը:
Մյասնիկովը նշել է, որ սրտի շրջանում ցավի դեպքում հարկավոր է անհապաղ այցելել բժշկի: Դա նաև ազդանշան է, որ հարկավոր է ազատվել վատ սովորություններից կամ ավելորդ քաշից: