Տվյալ փուլում առաջնային ենք համարում եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անշեղորեն իրականացումը. Զախարովա
Մոսկվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի խնդրի լուծման քննարկումներին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային, եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
«Քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, պահպանվում են, ուստի տվյալ փուլում առաջնային ենք համարում 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անշեղորեն իրականացումը, և, իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
Հույս ունենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծելու հայ-ադրբեջանական հարաբերությունների և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: