ՌԴ-ում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը
Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները:
ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
«Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ:
Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը: