Կարեն Անդրեասյանի բացթողումն ու Գագիկ Հարությունյանի սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր.
«Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»:
Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրեց հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»:
Սա ցույց է տալիս, թե արդարադատություն իրականացնող մարմինների ղեկավարները ինչ տեսակետ ունեն: Մեկն ասում է՝ արդարադատություն չկա, մյուսն ասում է՝ ցավոք սրտի, այս երկրում օրենք կա: Գագիկ Հարությունյանի՝ տարիներ առաջ արված հայտարարությունը սայթաքում էր համարվում եւ լայն քննադատության առիթ տվեց:
Հիմա էլ նման բացթողում է անում արդեն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ըստ էության ակնարկելով՝ կուզենար օրենք չլիներ, որ ինչ ցանկանար, այն էլ աներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: