Մեծ Բրիտանիայում տասնյակ կանայք ամուսնացել են ծառերի հետ, որպեսզի թույլ չտան դրանց հատումը
Բրիտանական Բրիսթոլում 70 կին ամուսնացել է տասնյակ ծառերի հետ՝ այդպիսով փորձելով փրկել դրանք հատումից, ինչը նախատեսված է տեղում շինարարական աշխատանքների ծրագրով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, արտառոց միջոցառումը տեղի է ունեցել Բրիսթոլի այգիներից մեկում, որտեղ նախատեսված է 150 բնակարանով շենքի կառուցում, ինչն էլ ենթադրում է բազմաթիվ ծառերի հատում:
Աղբյուրը մանրամասնում է, որ կանայք, ընդհանուր առմամբ, ամուսնացել են 74 ծառի հետ: Նրանք կրել են հարսանեկան կամ պարզապես տոնական զգեստներ՝ հայտարարելով, որ «ծառերն իրենց կյանքի զուգընկերներն են»:
«Ծառի հետ ամուսնանալը բացարձակ արտոնություն է: Դա պարզապես սենտիմենտալ ժեստ չէ, այն չափազանց նշանակալից և խորհրդանշական է: Բրիստոլին ավելի շատ հասուն ծառեր են պետք, քան շքեղ մասնավոր բնակարանները»,-ասել է մասնակիցներից մեկը: