Կհաղթի՞ արդյոք Էրդողանը, եթե հիմա Թուրքիայում լինեն նախագահական ընտրություններ. սոցհարցում
Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրային վարկանիշը պարզելու համար:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն հարցին, թե արդյոք կքվեարկեիք Էրդողանի օգտին, եթե առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանն առաջադրեր իր թեկնածությունը, հարցվածների 56.9 տոկոսը տվել է բացասական, 32.6 տոկոսը դրական պատասխան, իսկ 8 տոկոսն էլ ասել է. «կարող է ձայն տամ, կարող է և չտամ»:
Սոցիոլոգիական կազմակերպությունը նաև հետաքրքրվել է, թե որ կուսակցությանը ձայն կտան Թուրքիայի քաղաքացիները, եթե այժմ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ:
Հարցման մասնակիցների 35․8 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը, 21․9 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), 11․6 տոկոսը՝ ընդդիմադիր, ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությանը, 8.5 տոսոկը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»՝ իսկ 6.1 տոկոսը՝ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP), 0.8 տոկոսը՝ «Saadet» կուսակցությանը, 1.2 տոկոս՝ նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը, իսկ 0.5 տոկոսը՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության»։