Բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարևոր է այս 3 միավորը. Կապառոսը՝ Հայաստան-Լիխտենշտեյն խաղի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղից առաջ կայացած ասուլիսում նշել է, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ցավ են զգում պարտությունից և այն բանից, թե ինչպես են այդ պարտությունը կրել։ Կապառոսը, սակայն, ընդգծել է, թե բոլորը նաև գիտակցում են, որ վաղը մասնակցելու են հանդիպման մեր երկրպագուների ներկայությամբ, ու սա առավելագույն մոտիվացիայի աղբյուր է:
«Մեր թիմը վաղը խաղալու շատ մեծ ցանկություն ունի, և լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա, բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարևոր է այս 3 միավորը։ Պետք է վստահենք մեր ուժերին, լինենք համբերատար և ցուցադրենք մեր խաղը»,- ասել է Կապառոսը:
Մարզիչը նաև նշել է, որ Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով չի խաղա, ու դա մեծ կորուստ է, քանի որ նա մեծ նշանակություն ունի թիմի համար: Կխաղա, սակայն, Կալիսիրը, որին նախորդ խաղում հանգստանալու հնարավորություն էր տրվել: