Վթարի ենթարկվեցինք՝ բախվելով գերմանական ֆուտբոլային մեքենային. ՀԵՏՔ
ԱԱ-2022-ի ընտրական փուլում երեկ Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում կրեց իր երկրորդ խոշորագույն պարտությունը՝ 0-6, որը զիջում է միայն «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Իտալիա-Հայաստան (9-1) խաղի հաշվին։ Բայց ի տարբերություն իտալացիների հետ հանդիպման, որում մեր թիմից բացակայում էին մի շարք առանցքային խաղացողներ, մեր հավաքականը մարզական խնդիր չէր լուծում, ու պարտությունն էլ անխուսափելի էր թվում, Գերմանիա-Հայաստան հանդիպմանը մեր ընտրանին ներկայացրել էր ընտրական խմբի առաջատարի կարգավիճակով, բավական մարտունակ ու այս պահին ամենաօպտիմալ կազմով։ Տարբերությունը նաեւ այն էր, թե ով էր մրցակիցը։
Մրցում էինք մի թիմի հետ, որը աշխարհի քառակի չեմպիոն է, ամբողջ աշխարհում ֆուտբոլային մեքենայի, գրեթե առանց խափանումների աշխատող մեխանիզմի համբավ ունի, եւ, թերեւս, մրցակիցների համար «ամենասարսափելին» այն է, որ գերմանացիները մի «վատ սովորություն» ունեն՝ առանց աչք թարթելու խփում են այնքան գոլ, որքան թույլ կտա մրցակիցն, ու իրենք կկարողանան անել 90 րոպեում․ խփեցին մեկը՝ կշտապեն երկրորդի հետեւից, խփեցին երկրորդը՝ երրորդի հետեւից, խփեցին հինգերորդը՝ կռիվ կտան վեցերորդի համար։ Մեկ անգամ չէ, որ նույնիսկ հզոր ընտրանիներն ընկել են գերմանական գլդոնի անիվի տակ, ինչպես, օրինակ, 2014 թ․, երբ մեր թիմը ընկերական խաղում բունդեսթիմին զիջեց 1-6 հաշվով, ու հայ երկրպագուները խոր հիասթափություն ապրեցին, իսկ շուտով՝ արդեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, առաջնության տանտեր, աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները իրենց երկրպագուների աչքի առաջ ջախջախվեցին 1-7 հաշվով։
Բայց անկախ գերմանական ֆուտբոլի անհերքելի որակներից եւ մեր ունեցածի հետ անհամեմատելի ռեսուրսներից՝ երեկվա խաղից ստացած տպավորությունն այնպիսին էր, որ բունդեսթիմը, որը մեր ընտրական խմբի բացարձակ առաջատարն է իր պոտենցիալով, սակայն երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զիջում էր մեր թիմին, դաշտ էր դուրս եկել մի տեսակ կատաղած եւ տրամադրված՝ ցույց տալու, թե ով է խմբում առաջին տեղի «տերը»։
Մակեդոնացիների հետ հանդիպումից Ֆլիկի սաները լավ գիտեին, որ մերոնք արագ եւ սուր հակագրոհներ կարող են կազմակերպել, ինչն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Դրա համար պետք էր խաղի առաջին իսկ րոպեներից «ճզմել» Հայաստանի ընտրանուն եւ արագ գոլերի միջոցով ստանալ մեծ առավելություն՝ միաժամանակ արագաշարժ հենակետայինների ու պաշտպանների միջոցով խեղդելով մերոնց ձեռնարկելիք բոլոր հակագրոհները դրանց ձեռնարկման առաջին իսկ վայրկաններից (հատկապես նկատելի էր, թե դաշտի տերերը ինչպես են առնվազն երկու հոգով աքցանների մեջ վերցնում Մխիթարյանին, Ադամյանին, Բարսեղյանին)։ Այս ամենը հաջողվեց գերմանացիներին։
Առաջին 15 րոպեի ընթացքում նրանք հասան իրենց նվազագույն նպատակին՝ արագ 2 գոլ խփեցին 6-րդ եւ 15-րդ րոպեներին Գնաբրիի կատարմամբ, ինչից հետո սկսեցին խաղից հաճույք ստանալ՝ վստահ լինելով, որ հաղթանակը ձեռքից բաց չեն թողնի։ Սեփական դաշտում Հս․ Մակեդոնիայից կրած 1-2 հաշվով պարտությունը այս տարվա մարտին, թերեւս, ծանր դաս է եղել նրանց համար, ու այս ընտրական փուլում գերմանացիները, թվում է, այլեւս չեն կրկնի այն սխալները, որ արեցին այդ խաղում։ Այս առումով կարելի է սպասել, որ բունդեսթիմը երեկվա պես կատաղի ֆուտբոլ է ցույց տալու նաեւ մակեդոնացիների դեմ՝ ապացուցելու, որ գարնանը տեղի ունեցածն առաջին հերթին իրենց բացթողումն էր եւ ոչ թե մրցակցի վաստակած ձեռքբերումը։
Ինչ վերաբերում է մեր բացթողումներին, ապա Գնաբրիի առաջին գոլում թերացավ հատկապես պաշտպանության ձախ թեւը, որում հանդես էր գալիս Կամո Հովհաննիսյանը, իսկ նրան օգնության էր շտապում հենակետային Արտակ Գրիգորյանը։ Գնաբրին Գորեցկայից եկած փոխանցումն ընդունեց առանց խոչընդոտի եւ գնդակահարեց Յուրչենկոյի դարպասը։ Վերջինս, ճիշտ է, դժվար թե փրկեր դրությունը, սակայն ցատկ էլ չկատարեց՝ գնդակի ընթացքը շեղելու փորձի համար։ Երկրորդ գոլի դրվագում կրկին թերացավ մեր պաշտպանության ձախ թեւն, ու Ռոյսի փոխանցումը հասավ Գնաբրիին, ում դեմ Յուրչենկոն այս դրվագում իսկապես անզոր էր։
Գերմանացիների ամենամեծ առավելությունը մեկն էր՝ արագությունը։ Արագության շնորհիվ նրանք գլխապտույտի մեջ էին գցում մեր թիմային պաշտպանությանը, օրինակ՝ խորքից պոկվում էին առաջ՝ հայտնվելով մեր պաշտպանների թիկունքում, սանձում էին օդից եկած գնդակն ու փոխանցում կատարում դարպասի դիմաց հայտնված խաղընկերոջը կամ անձամբ հարվածում Յուրչենկոյի դարպասին։ Հասկանալի է, որ արագության գլխավոր նախապայմանը գերազանց ֆիզպատրաստությունն է։ Բնականաբար, այլ գործոններ էլ կային․ օրինակ՝ տակտիկան։ Գերմանացիներն անընդհատ հետուառաջ էին անում մեր տուգանայինի մատույցներում՝ փորձելով գրեթե մեկ գծի վրա լինել վերջին պաշտպանի հետ ու չհայտնվել խաղից դուրս վիճակում։ Լինելով շատ համակցված թիմ՝ ֆուտբոլիստներն արագ ըմբռնում էին միմյանց մտահղացումներն ու հնարավոր փոխանցումները եւ արագության ու հանկարծակիության շնորհիվ պոկվելով մերոնց հսկողությունից՝ շահեկան դիրք ստանում մեր տուգանայինում։
35-րդ եւ 45-րդ րոպեներին թերացան մեր կենտրոնականները, նրանց հետ՝ եզրային պաշտպանները։ Առաջին դրվագում օդից եկած փոխանցումը Վերների թիկունքից անդրադարձավ դեպի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Ռոյսը առանց հսկողության էր մնացել, իսկ մյուսում Գորեցկայի փոխանցումը կտրեց-անցավ պաշտպանության աջ եզրից մինչեւ կենտրոն, որտեղ Վերները ճարպկության շնորհիվ անցավ թե՛ պաշտպաններին, թե՛ դարպասապահին, ու 4-0 հաշիվը արդեն ահազանգ էր, որ երկրորդ կեսում կարող ենք ամբողջությամբ քանդվել՝ առիթ տալով բունդեսթիմին գերխոշոր հաշիվ ձեւակերպել։
52-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո գնդակը գլխով շեղեց Մխիթարյանը, այն հայտնվեց տուգանայինի մատույցները հսկող Հոֆմանի մոտ, ով ընթացքից հարվածեց, իսկ մեր հենակետայիններն ու պաշտպանները բաց էին թողել այն «միջանցքը», որով գնդակն ընթացավ դեպի դարպասը։ Այստեղ իր մեղքի բաժինն ուներ Յուրչենկոն, որը, ունենալով բաց տեսադաշտ, ուշ ցատկեց դեպի գնդակը։
Նախկինում գերմանացիներին պարտվել էինք 1-5, 0-4, 1-6 հաշիվներով։ Թվում է, թե այս անգամ 0-5 էր գրանցվելու, բայց իր սովորության համաձայն բունդեսթիմը խաղաց ոչ թե հանդիպումը հանգիստ ավարտին հասցնելու տրամաբանությամբ, այլ մինչեւ եզրափակիչ սուլոցը գոնե եւս մի գոլ խփելու մտադրությամբ։ Խաղավարտին ավելացված առաջին րոպեին դաշտի տերերը դասագրքային կոմբինացիա խաղարկեցին, եւ փոխարինման մտած 18-ամյա Վիրցն ու 19-ամյա Ադեյեմին մեր պաշտպանության անզորության ֆոնին արարեցին 6-րդ գոլը։
Թե ինչ ահռելի տարբերություն է եղել հարձակման գծում, կարելի է տեսնել ստորեւ։ Գերմանացիները գոլ խփելու ընդհանուր 23 փորձ են արել, մերոնք՝ ընդամենը 3։
Խաղից հետո Խոակին Կապառոսն ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ մերոնք առաջին կեսում, երբ 4 գոլ ընդունեցին, ոչ մի դեղին քարտ չեն ստացել, այսինքն՝ շատ արագ խաղացող գերմանացիների դեմ, որոնց հետեւից չէին հասցնում, քիչ են խախտել կանոնները։ Բայց արդյոք եթե անընդհատ տապալեինք դաշտի տերերին, ինչ-որ բան կշահեինք։ Մեր համոզմամբ՝ ոչ։ Քանի որ ճնշումը պաշտպանության վրա շատ մեծ էր, կոշտ խաղի դեպքում չի բացառվում, որ մեր կազմում կարմիր քարտեր տեսնեինք։ Ավելին՝ պաշտպաններից Հովհաննիսյանը, Ոսկանյանն ու Համբարձումյանը, ինչպես նաեւ Մխիթարյանն ու Ադամյանն այս խաղից առաջ դեղիններ ունեին ու եւս մեկը ստանալու դեպքում բաց էին թողնելու առաջիկա հանդիպումը։
Գուցե ավելի փոքր հաշիվ գրանցվեր, եթե մերոնք «ֆուտբոլային ավտոբուս» կանգնեցնեին Յուրչենկոյի դարպասի առաջ, բայց Հայաստանի ընտրանին գոնե վերջին տարիներին հզոր ընտրանիների դեմ, լինի դա Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, թե Գերմանիան, երբեք նման բան չի արել։ Առավել եւս Կապառոսի օրոք հնարավոր չէ նման բան պատկերացնել։ Ընդհանրապես, Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որ, անկախ մրցակցից, եւ՛ ինքն է խաղում, եւ՛ դիմացինին է թույլ տալիս խաղալ, այլ կերպ ասած՝ հակաֆուտբոլ չի ցուցադրում։
Մյուս կողմից՝ փաստն այն է, որ գերմանական ֆուտբոլը (անվանենք դա մշակույթ, ինդուստրիա-արդյունաբերություն, թե այլ բան), որի խտացումն է բունդեսթիմը, այսօր բազմապատիկ գերազանցում է մեր ունեցածին, եւ մենք դեռ շատ հեռու ենք նրանց հետ հավասարը հավասարի պես պայքարելու հնարավորությունից։
Այս հաղթանակից հետո գերմանացիները վերականգնեցին ընտրական 10-րդ խմբում առաջատարի իրենց դիրքը։ Իսլանդիա-Հս․ Մակեդոնիա հանդիպումն ավարտվեց 2-2, իսկ ռումինները սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեցին Լիխտենշտայնին։
Սեպտեմբերի 8-ին կկայանան Հայաստան-Լիխտենշտայն, Իսլանդիա-Գերմանիա, Հս․ Մակեդոնիա-Ռումինիա հանդիպումները։ Երեւանում կայանալիք առաջիկա խաղում մեր թիմն ուղղակի պարտավոր է 3 միավոր վաստակել՝ երկրորդ հորիզոնականի համար պայքարից հետ չմնալու համար։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։