ԵՄ-ն կոչ է արել ազատ արձակել դատապարտված բելառուս ընդդիմադիր գործիչներին
Եվրոպական միությունը Բելառուսից պահանջում է անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներ Մարիա Կոլեսնիկովային և Մաքսիմ Զնակին, որոնց դատարանը դատապարտել է համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման: Այս մասին ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարությունում:
«ԵՄ-ն ցավում է, որ Մինսկի ռեժիմը շարունակում է կոպիտ, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Բելառուսի ժողովրդի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: ԵՄ-ն նաև կրկնում է իր պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բելառուսի բոլոր քաղաքական բանտարկյալներին (որոնց թիվը 650-ից ավելի է), այդ թվում՝ տկն. Կոլեսնիկովային և պրն․ Զնակին, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել իրենց իրավունքները պաշտպանելու համար»,- նշված է հայտարարությունում:
Պիտեր Ստանոն ընդգծել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է հավատարիմ մնան ՄԱԿ -ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում իրենց միջազգային պարտավորություններին:
«ԵՄ-ն կշարունակի բելառուսական իշխանությունների դաժան ճնշումների համար արդարություն հաստատելու իր ջանքերը»,- եզրափակել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Կոլեսնիկովային և Զնակին մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածներով. նրանք մեղադրվում էին ազգային անվտանգությանը վնաս հասցնող գործողություններին ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու, պետական իշխանությունը հակասահմանադրական կերպով զավթելու նպատակով դավադրություն կազմակերպելու, ինչպես նաև ծայրահեղական կազմավորում ստեղծելու և այն ղեկավարելու մեջ:
Ընդդիմադիրների պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը: