Ջոլին պատմել է Վայնշտեյնի ոտնձգությունների մանրամասների ու դրանց Փիթի՝ իր համար «ցավոտ» արձագանքի մասին
Դերասանուհի Անջելինա Ջոլին բացահայտել է տխրահռչակ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից ոտնձգությունների մանրամասները, ինչպես նաև խոսել տեղի ունեցածին իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի արձագանքի մասին, գրում է The Guardian-ը:
Ջոլին 21 տարեկան էր, երբ մասնակցել է «Սիրո շրջապտույտները» ֆիլմի նկարահանումներին, որի գործադիր պրոդյուսերն էր Վայնշտեյնը: Դերասանուհին նշել է, որ իր հետ կատարվածը «անցել է բոլոր սահմանները»:
«Ես ստիպված էի փախչել: Ես հեռու մնացի (Վայնշտեյնից) և բոլորին զգուշացրեցի նրա մասին: Հիշում եմ, որ այդ մասին ասացի իմ առաջին ամուսնուն՝ Ջոնիին (Լի Միլերին), և նա դա փոխանցեց մյուս տղաներին, որպեսզի նրանք աղջիկներին մենակ չթողնեն նրա հետ», - ասել է Ջոլին:
«Ինձ առաջարկեցին նկարահանվել «Ավիատոր»-ում, բայց ես մերժեցի, քանի որ նա աշխատում էր այս ֆիլմի վրա: Ես այլևս երբեք նրա հետ չեմ համագործակցել: Շատ դժվար էր, երբ Բրեդը սկսեց դա անել», - խոստովանել է դերասանուհին:
Նա հայտարարել է, որ Փիթը, իմանալով կատարվածի մասին, բազմիցս աշխատել է Վայնշտեյնի հետ կապված ֆիլմերի վրա: 2009 թվականին նա նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի Անփառունակ սրիկաները ֆիլմում, որն արտադրվել է Վայնշտենյնի The Weinstein Company-ի կողմից, իսկ 2012 թվականին՝ Casino Heist թրիլերում, որը հետագայում տարածվել է նույն ընկերության կողմից:
«Մենք վիճում էին դրա համար: Եվ, իհարկե, դա շատ ցավոտ էր», - ասել է Ջոլին:
Հարվի Վայնշտեյնը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020 թվականի մարտին: Նա մեղավոր է ճանաչվել երրորդ կարգի բռնաբարության և սեռական հարաբերությունների դրդման համար: Ջոլին առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է Վայնշտեյնի հետապնդումների մասին 2017 թվականի հոկտեմբերին: Նա չի բացահայտել միջադեպի մանրամասները:
2018-ի գարնանը դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որը նաև պրոդյուսերի ոտնձգությունների զոհ էր, ասել է, որ Փիթը, որի հետ նա այդ ժամանակ հանդիպում էր, իմացել է միջադեպի մասին և Վայնշտեյնին սպառնացել սպանությամբ: