ԱՄՆ-ում մարդիկ սկսել են ձիերի համար նախատեսված ճիճվաթափության դեղամիջոցն օգտագործել «Քովիդ-19»-ի բուժման համար. շատերը հոսպիտալացվել են
Ամերիկացի բժիշկը կոչ է արել մարդկանց դադարել ձիերի համար նախատեսված ճիճվաթափության դեղն օգտագործել կորոնավիրուսը բուժելու համար:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ տեղեկացնելով, որ բազմաթիվ հիվանդներ են հոսպիտալացվել Օկլահոմայում՝ վերոնշյալ դեղամիջոցի չարաշահումից հետո: Բժիշկ Ջեյսոն ՄքԻլյիի խոսքով՝ «Իվերմեկտին» (Ivermectin) դեղամիջոցի ցածր չափաբաժինները թույլատրվում է օգտագործել մարդկանց համար, սակայն ոչ «Քովիդ-19»-ի բուժման համար:
Վերջինս տեղեկացրել է, որ մեծ թվով մարդիկ չարաշահում են տվյալ դեղամիջոցը՝ հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծելով հիվանդանոցների անձնակազմերի համար, որոնք առանց այդ էլ կենտրոնացած են «Քովիդ-19»-ի դեմ պայքարում:
Աղբյուրը նշում է, որ «Իվերմեկտինը» հիմնականում անասնաբուժական դեղամիջոց է՝ նախատեսված ճիճվաթափության համար, որը կարելի է քիչ չափաբաժնով օգտագործել մարդկանց շրջանում՝ որոշ խնդիրների կարգավորման համար: