Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկում
Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում գտնվող հնագույն Հասանքեյֆ քաղաքում հնագիտական պեղումներ են սկսվել: Գիտնականների նպատակն է ավելին իմանալ այս վայրի մասին, որը համարվում է աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Աշխատանքը ղեկավարում է Թուրքիայի Մարդին նահանգի Արթուքլուի համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ Զեքեյ Էրդալը: Նա իր թիմով սկսել է պեղումների երրորդ փուլը 12 հազար տարվա պատմության տարածքում (այստեղ առաջին հնագիտական աշխատանքներն եղել են 1980-ականներին): Պեղումները սկսվել են Հասանքեյֆ ամրոցում հռոմեական շրջանի կայազորային կառույցի ներսում, ինչպես նաև գերեզմանատան արևելյան հատվածում: Գիտնականը նշել է, որ փորձում են բացահայտել ռազմական կառույցի իրական սահմանները, որը նախկինում կոչվել է Մեծ պալատ:
«Հասանքեյֆ ամրոցը պետք է դիտարկել որպես մի ամբողջություն ՝ հովտի և նրա շուրջը գտնվող շինությունների հետ։ Այն զբաղեցնում է 110 հազար քառակուսի մետր տարածք»,-մեկնաբանել է Զեքեյ Էրդալը:
Հնագետը նշել է, որ Հասանքեյֆ ամրոցի ամենակարևոր հուշարձանը «Գաղտնի դարպասներն» են, որոնց նմանները հազվադեպ են հանդիպում Թուրքիայում: Էրդալի խոսքով՝ այդ դարպաների օգնությամբ իշխող դինաստիայի անդամները, կարևոր դեմքերն ու ծառայողները կարող էին տարհանվել արշավանքների կամ հարձակումների ժամանակ: