Սննդաբանը ցրել է ջուր խմելու մասին առասպելները
Ջրի դերը մեր կյանքում վաղուց արդեն մանրակրկիտ ուսումնասիրված է, և դժվար է այն գերագնահատել: Այնուամենայնիվ, համացանցում կարելի է գտնել տարբեր տեղեկություններ ջրի հրաշագործ հատկությունների և դրա օգտագործման խորհուրդների մասին: Եվ նրանցից մի քանիսը կապ չունեն գիտական փաստերի հետ: «Прайм» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ Ուլյանա Ռումյանցևան:
Ըստ ամենատարածված առասպելներից մեկի՝ որպես ջրի նորմա հարկավոր է հաշվարկել միայն օրվա ընթացքում խմած մաքուր ջրի քանակը: Սակայն դա այդպես չէ: Ըստ բժիշկի՝ անհրաժեշտ է հաշվել օրվա ընթացքում խմած ամբողջ հեղուկը՝ ջուր, թեյ, սուրճ, հյութեր, մրգեր, ապուրի արգանակ: Միևնույն ժամանակ, ալկոհոլը և քաղցր գազավորված ըմպելիքներն այդ հաշվարկում չպետք է ներառվեն, քանի որ այդ ըմպելիքներն արդեն պատկանում են սննդի շարքին: Իսկ սուրճ ըմպողներին բժիշկուհին հիշեցրել է, որ այն ունի միզամուղ հատկություն, ուստի սուրճ խմելու պարագայում հարկավոր է ավելացնել հեղուկների օգտագործումը:
Բացի այդ, առասպել է նաև այն, որ հարկավոր է օրական երկու լիտր հեղուկ խմել: Իրականում ջրի սպառման նորման անհատական է, և դա կարելի է հաշվարկել՝ օգտագործելով տարբեր բանաձևեր՝ կախված սեռից, քաշից և ֆիզիկական ակտիվությունից:
«Այսպես, օրինակ, նորմալ ֆիզիկական ակտիվություն ունեցող առողջ տղամարդն իր քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է միջինը խմի 35 մլ ջուր, իսկ կինը` 25-30 մլ/կգ: Այսինքն՝ 65 կգ քաշ ունեցող տղամարդու համար օրական ըմպած ջրի նորման 65*35 = 2.275 լիտր է, իսկ նույն քաշով կնոջ համար՝ 65*30 = 1.95 լիտր», – հաշվարկել է Ռումյանցևան:
Ջրի քանակի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան նաև երիկամների, սրտանոթային համակարգի հիվանդություններով հիվանդների համար, որոնց մասին պետք է ասի բժիշկը: Բարձր ջերմության, սուր վարակիչ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է ավելի շատ հեղուկ խմել: Ինչ վերաբերում է ավելորդ քաշ ունեցողներին, ապա նրանց համար հեղուկի հաշվարկը հիմնվում է տվյալ հասակի և սեռի իդեալական քաշի վրա, նշել է բժիշկը:
Իսկ եթե մարդը որոշել է նիհարել, ապա նա պետք է ավելի շատ խմի՝ օրական մոտ 40 մլ/կգ (իդեալական քաշի հաշվարկով): Բայց ոչ այն պատճառով, որ ջուրը նպաստում է քաշի կորստին. դա նույնպես առասպել է: Բանն այն է, որ հաճախ մարդիկ քաղցը շփոթում են ծարավի հետ և ջուր խմելու փոխարեն ուտում են և ավելորդ քաշ հավաքում: