«Ջանասիրաբար աշխատում ենք Բայդենի և նրա վարչակազմի հետ` փորձելով օգնել Արցախին, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար». Ֆրենկ Փալոուն (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը միացել է Արցախի Հանրապետության Անկախության 30-ամյակի շնորհավորանքներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամը հայտարարել է.«Ես երբեք չեմ տեսել ավելի դիմացկուն ժողովուրդ, քան արցախցին, որը բախվել է այս ագրեսիային և իր շուրջ հարևանների կողմից բոլոր այդ խնդիրներին, և ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսերի մասին օրինագծերի վրա`փորձելով ստանալ որքան հնարավոր է մեծ օգնություն Արցախի համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Բացի այդ, ես կցանկանայի, ի վերջո, տեսնել Արցախի՝ որպես պետության, որպես երկրի, պաշտոնական ճանաչում, ներգրավվածություն Միացյալ Նահանգների և Արցախի միջև, ինչպես նաև իսկապես առաջ շարժվել խաղաղ գործընթացով»: