«Ոսկե ծիրանը»՝ հանրային ինքնահաղթահարման գործիք. Արա Խզմալյանն ընդգծել է փառատոնի կարևորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի մշակութային վարկանիշի բարձրացման գործում կարևորում է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի անցկացումը՝ վստահեցնելով, որ մեր օրերում փառատոնները վերածվել են հանրային ինքնահաղթահարման ակցիաների:
Այս մասին Խզմալյանն ասաց սեպտեմբերի 3-ին փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին:
«Հետպատերազմական իրավիճակում փառատոնները դարձել են հանրային ինքնահաղթահարման ակցիաներ: Մենք, ըստ էության, սրանով հաստատում ենք կյանքի, հաստատում ենք մշակութային գործընթացների ու հանրային հարաբերությունների շարունակականությունը: Կարևոր է այս իրավիճակում, այս պայմաններում գտնել ուժ ու թույլ չտալ, որ կարևորագույն պրոցեսներն ավարտվեն: Սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ»,-շեշտեց փոխնախարարն ու հիշեցրեց, որ համավարակի շրջանում դժվար է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մարդկանց և ապահովել կենդանի շփում, որը նման պայմաններում գերազանցում է բուն փառատոնային խնդիրներն ու նպատակները:
Նրա խոսքով՝ տեղեկատվական շատ հարթակների գործունեության հետևանքով Հայաստանը երբեմն ընկալվում է որպես պատերազմական երկիր, իսկ միջազգային հյուրերի ներկայությունը միջոցառումների ժամանակ հնարավորություն է տալիս բեկել այդ պատկերացումն ու թույլ չտալ, որ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի ու ներկայացվի որպես վտանգավոր, ռիսկերով լեցուն պատերազմական երկիր:
Անդրադառնալով փառատոնի ֆիլմերին՝ Արա Խզմալյանն ասաց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում հանրությանը ներկայացվելու են կինոնկարներ, որոնք օգնում են հասկանալու, թե պատմական տարբեր իրողություններում և շրջաններում ինչպես է հանրությունը հաղթահարել ճգնաժամերը: «Կինեմատոգրաֆի միջոցով ուղենիշեր ենք տալու հանրությանը և օգնելու ենք, որ չթուլանան կամքն ու լավատեսությունը, չթուլանան պետության և պետականության գիտակցումն ու յուրաքանչյուրի պատասխանատվությունը պետական միավորի հանդեպ»,-շեշտեց նա:
2021 թվականին Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Փառատոնը կհյուրընկալի միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչների, կցուցադրի բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմեր: