«Իրենց պաշտոններում լավ են աշխատում». Պուտինը խոստովանել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «կափսոսա» Լավրովին և Շոյգուին Պետդումա «բաց թողնել»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ կափսոսա խորհրդարանական ընտրություններից հետո արտգործնախարար Սերգեյ Լավրովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Պետդումա «բաց թողնել», եթե նրանք նման որոշում կայացնեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ափսոս է», - խոստովանել է պետության ղեկավարը՝ համապատասխան հարցին պատասխանելով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում: Պուտինի խոսքով՝ Լավրովն ու Շոյգուն իրենց պաշտոններում լավ են աշխատում:
«Գործընկերներս պարզապես ինձ խնդրեցին, որ նրանք գլխավորեն ցուցակը ՝ ցույց տալով, որ այն ամենը, ինչ անում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, իրոք, իրագործվում է, այդ թվում՝ այդ մարդկանց ջանքերով», - պարզաբանել է նախագահը:
Միևնույն ժամանակ Պուտինը հավելել է, որ Լավրովն ու Շոյգուն իրենք են վերջնական որոշում կայացնելու՝ փոխել իրենց աշխատավայրը, թե ոչ:
«Որոշումն առաջին հերթին պետք է կայացնեն նրանք», - եզրափակել է պետության ղեկավարը:
Ութերորդ գումարման Պետդումայի ընտրությունները տեղի կունենան երեք օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 17, 18 և 19: Հունիսի 19-ին «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի արդյունքներով՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով ընդգրկվել են կուսակցության ցուցակի դաշնային մասում: