Լավրովը բացահայտել է՝ ինչ գրություն էր հղել Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ տեի ունեցած բանակցություններից՝ հայտնելով, թե ինչ նպատակ ուներ այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրությունը: Այս մասին Լավրովը խոսել է «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:
Վերջինս Լավրովին հիշեցրել էր, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել Նալբանդյանին: «Գրությունը վերաբերվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը: «Այդ գրության մեջ դուք ընդամենը 6 բառ եք գրել: Էդվարդ, համաձայնվի՛ր արարողակարգին առանց հայտարարությունների: Եվ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեց Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,-հարցրել է մասնակիցը:
Սերգեյ Լավրովը ի պատասխան ներկայացրել է նախապատմությունը և բացատրել գրության իմաստը:
«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է կոնտեքստը ներկայացնել: Կոնտեքստն այն էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով:
Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են, և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (Էդվարդ Նալբանդյանին՝ խմբ.) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»:
ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտեց, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան:
Այս հարցով Լավրովի ելույթին կարող եք հետևել 31:30 րոպեից: