Հայկ Մարությանն իշխանությունների հետ համաձայնության է եկել. «Իրավունք»
««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունը եկել է համաձայնության Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, և վերջինս կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը այն պայմանով, որ վարչական շրջանների ղեկավարները կփոփոխվեն ՔՊ-ական հավատարիմներով:
Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանի գործող ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` չնշելով պատճառների մասին: Սակայն, ՔՊ կուսակցության կուլիսներում ասում են, թե հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ վերջինս ընտրությունների ժամանակ որևէ օգուտ չի տվել քաղաքական թիմին և իր գործառույթներում էլ թերացել է:
ՔՊ-ականներին հատկապես վրդովեցրել է այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքն Էրեբունիում ամենամարդաշատն է եղել: Սա էլ դարձել է ճակատագրական Ա. Աբրահամյանի համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։