Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը բացված է
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 96-րդ համերգաշրջանի բացման համերգից առաջ հայտնի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Աշոտ Խաչատուրյանն ավարտում է փորձը: Փետրվարյան համերգից ընդամենը 6 ամիս անց երաժիշտը դարձյալ Երևանում է՝ լավագույն համերգացանկով: Առաջին անգամ է հանդես գալիս Կարեն Դուրգարյանի հետ, որն իր հերթին, հանգամանքների բերումով, գրեթե 20 տարի չի նվագել Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Համերգային ծրագրում ռուսական երաժշտության երկու մեծերի՝ Չայկովսկու և Ռախմանինովի գործերն են: Չայկովսկու արվեստի բարձրակետը համարվող 6 սիմֆոնիան, որ հայտնի է «Պաթետիկ» անվանմամբ, երաժշտական աշխարհում մեկնաբանությունների մեծ բազմազանություն ունի: իսկ Ռախմանինովի Դաշնամուրի 2-րդ կոնցերտը դաշնամուրային համերգացանկի դժվարագույն ստեղծագործություններից է, որը պահանջում է կատարյալ կատարողական տեխնիկա: Այս կոնցերտը Աշոտ Խաչատուրյանի նախընտրած ստեղծագործություններից է: Չնայած համավարակին, մինչև տարեվերջ նրա համերգային գրաֆիկն արդեն կազմված է, Ռախմանինով նվագելու է նաև Լիսաբոնում:
Նոր համերգաշրջանը հագեցած է անակնկալներով. սեպտեմբերի 4-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը հանդես կգա Մոսկվայի 874-ամյակին նվիրված համերգով՝ բաբաջանյանական երգացանկով: Եվ արդեն Սեպտեմբերի 24-ին դարձյալ Բեթհովեն կնվագեն՝ կհնչի Դաշնամուրի 5-րդ կոնցերտը՝ աշխարհահռչակ դաշնակահար Բարրի Դուգլասի մեկնաբանությամբ և 9-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և երիտասարդ մենակատարների մասնակցությամբ: