Ճգնաժամ, ապատիա և վերադասավորումներ մեդիա դաշտում. լրատվամիջոցների համար ծանր ժամանակներ են. Armdaily
Ընտրություններից հետո հայաստանյան մեդիադաշտը դժվար ժամանակներ է ապրում։ Նախ, մեդիամագնատ Միքայել Մինասյանը ընտրություններից հետո անհետացավ՝ առանց նույնիսկ հրաժեշտի խոսքերի, նրա թիմը եւս տեւական ժամանակ արձակուրդի մեջ էր։ Եւ Հայաստանի 3-րդ նախագահի փեսայի տարօրինակ լռությունը, որ թայմ աութ է հիշեցնում, ազդել է նրա թիմի, հետեւորդների վարքի վրա, նրանք եւս լուռ են, էլ չեն պայքարում, եւ ուժ չկա, եւ ֆինանսավորում չկա։ Մամուլը արդեն գրել է, որ դժվար ժամանակներ են նաեւ Միքայել Մինասյանին պատկանող լրատվամիջոցներում, ամենուր կրճատումներ են, անորոշ ժամանակով արձակուրդ։
Այս պահին էլ դեռ անորոշ է «Արմնյուզի» ճակատագիրը, որը վաճառելու մասին տարատեսակ լուրեր կային, tert.am-ում եւս ահռելի կրճատումներ եղան, իսկ թե ինչ կլինի հետո՝ հայտնի չէ։ Ծանր է վիճակը նաեւ Մինասյանի կամ նրա թիմակիցների հետ ասոցացվող մյուս լրատվամիջոցներում, ամենուր ֆինանսավորման խնդիր կա։
Խնդիրների առաջ են ոչ միայն հայտնի լրատվամիջոցները, այլեւ դեռ չբացված փակվել են բազմաթիվ նոր կայքեր, որոնք վատ մուտք չէին ունեցել եւ խոստանում էին տեւական ընթացք։
Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում ղեկավարությունն է փոխվել, մասամբ նաեւ կրճատումներ են եղել։ Այս պահի դրությամբ մեդիա դաշտում իրենց ռեսուրսները շարունակում է պահել Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, ով նոր-նոր է մտել ոլորտ եւ իշխանությունը՝ իր արբանյակ օլիգարխներով։
Սակայն, իշխանությունը այս հարցում էլ անտաղանդ է, ռեսուրս եւ գումար են ծախսում, բայց որակյալ արտադրանք չեն կարողանում ստեղծել, անհասկանալի լրատվամիջոցներ են բացում, ֆեյքային ռեսուրսների վրա գումարներ վատնում, իսկ տասնյակ տարիների կայացած լրատվամիջոցին՝ իր լսարանն ունեցող, այս դժվար շրջանում մեկուկես ամսով ուղարկում արձակուրդ։ Եթե ընդդիմություն լինելու տարիներին Փաշինյանը կարողացավ եւ կայացրեց իր թերթը եւ կայքը, ապա իշխանություն եղած ժամանակ այս լրատվամիջոցի աշխատանքը միայն տապալում է եւ ունեցած ռեսուրսը մսխում։
Իհարկե, պատճառն այն է, որ բազմաթիվ կադրեր դարձան պատգամավոր, գնացին Հանրային հեռուստաընկերություն, բայց այս ամենը հեշտ լուծվող հարց է, երբ կան ռեսուրսներ եւ գիտակցում են լրատվամիջոց ունենալու կարեւորությունը, որի շնորհիվ այսօր իշխանության են եկել։ Ի դեպ, այս ընթացքում բավական շատ կադրային հոսք եղավ նաեւ Հանրային հեռուստաընկերություն եւ նորաբաց լրատվական, որտեղ աշխատակազմի թվաքանակի մասին անհավատալի մեծ տվյալներ են նշում՝ տասնյակ խմբագիրներ, լրագրողներ, հաղորդավարներ եւ տարբեր մասնագետներ։ Այս հոսքը հատկապես ընտրությունների շրջանում նպաստեց լրագրողների պահանջարկի ավելացմանը, աշխատավարձերի ուռճացմանը։ Սակայն ընտրություններից հետո դաշտում խորը ճգնաժամ է, ապատիա եւ վերադասավորումներ, որը հուսով ենք՝ կհաղթահարվի։
Երկրում տնտեսական անկայուն վիճակը, ոչ դրական միտումները եւս իրենց բացասական ազդեցություններ են ունեցել մեդիա դաշտի վրա, գովազդների ծավալների կրճատումը, քաղաքական հիմնական խաղացողների դուրս մղումը, համընդհանուր հիասթափությունը իրենց ազդեցությունն են ունենում լրատվամիջոցների վրա։ Մյուս կողմից էլ՝ իշխանության ներկայացուցիչների ամենօրյա ճնշումները, սահմանափակումները, օրենսդրական նոր կարգավորումները, լրագրողների հետ հարաբերվելու հին, խտրական գործելաոճը չփոխելը ամենեւին էլ գրավիչ չեն դարձնում ոչ լրագրողի աշխատանքը, ոչ լրատվամիջոց ունենալը։ Այնպես որ եթե Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը հպարտանում էր, թե մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, ընդդիմությունը երբեք այսքան մեդիառեսուրսների չի տիրապետել, իրականում մամուլը երբեք այսքան ծանր վիճակում չի եղել, ընդդիմության մեդիառեսուրսներին նախանձելու փոխարեն էլ ստեղծեիք սեփական, որակյալը, պրոֆեսիոնալը կամ գոնե պահպանեիք այն, ինչ ունեիք։