Նոր ԱԺ-ն Վճռաբեկի դատավոր կընտրի. ով է իշխանության թեկնածուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղն այդպես էլ չի լրացվել: Բանն այն է, որ դեռևս այս տարվա մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա ընտրությունների հետ, և խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Ստացվում է՝ չորս ամիս է՝ դատավոր այդպես էլ չի ընտրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընգրկված է ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում և առաջիկայում կքննարկվի նորընտիր Ազգային ժողովի կողմից: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ չնայած այս հարցը այդպես էլ չի քննարկվել, թեկնածուներն էլ չէին հասցրել հանդիպել պատգամավորներին, սակայն իշխանություններն արդեն որոշում ունեն, և այս պաշտոնում կընտրվի Հովսեփ Բեդևյանը:
Հավելենք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի մոտ մասնակցել էր դատական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը քննադատվել էր համակարգի շատ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ այդպիսով գործադիրն իր մասնակցությունն է ունենում դատական իշխանության գործերին»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։