Հռոմի պապը Մերկելին է վերագրել Պուտինի՝ ժողովրդավարություն պարտադրելու մասին խոսքերը
Ժողովրդավարության պարտադրումը և արտաքին միջամտությունը՝ հակառակ ժողովուրդների ավանդույթների, պետք է դադարեցվի, – ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իսպանական COPE ռադիոկայանին տված հարցազրույցում, մինչդեռ նա շփոթել է այդ արտահայտության հեղինակին՝ դա վերագրելով ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Ես կթարգմանեմ, հույս ունեմ, որ թարգմանությունը ճիշտ է: Անհրաժեշտ է վերջ տալ արտաքին միջամտության անպատասխանատու քաղաքականությանը և այլ երկրներում ժողովրդավարություն կառուցելուն՝ հաշվի չառնելով ժողովուրդների ավանդույթները», – ասել է Ֆրանցիսկոս պապը՝ պատասխանելով Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ:
Այս բառերը նա անվանել է «իմաստուն»՝ դրանք վերագրելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որին նա անվանել է «համաշխարհային քաղաքականության մեծ գործիչ»:
Իրականում, այդ խոսքերը Մոսկվայում Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Պուտինը:
«Անհրաժեշտ է դադարեցնել դրսից ինչ -որ մեկի արտաքին արժեքները պարտադրելու անպատասխանատու քաղաքականությունը, այլ երկրներում այլ ձևերով ժողովրդավարություն կառուցելու ցանկությունը՝ առանց հաշվի առնելու ո՛չ պատմական, ո՛չ ազգային, ո՛չ կրոնական բնութագրերը, ամբողջովին անտեսելով ավանդույթները, որոնցով այլ ժողովուրդներն ապրում են», – ասել է նա։