ՀՀ-ում շուրջ 37 հազար երեխայի համար ազդարարվում է դպրոցական կյանքի սկիզբը
Հայաստանում, գիտելիքի և դպրության օրն այս տարի առաջին դասարանցիների համար սկսում է օգոստոսի 31-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները:
Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպվում է մեկ օր շուտ, տոնական միջոցառումները կանցկացվեն բացօթյա: Հանրապետության դպրոցներն իրենց դռներն առաջին անգամ կբացեն շուրջ 37 հազար աշակերտի համար: Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ծնողները հայտագրումից հետո դպրոցում ընդունվելու և պայմանագիր ստորագրելու փուլ են անցել, հետևաբար թվերը դեռ պետք է հստակեցվեն:
ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: