Թուրքիան հրաժարվում է իր վրա վերցնել աֆղան փախստականների բեռը․ Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող իր վրա վերցնել Աֆղանստանից փախստականների նոր ալիքի բեռը: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
«Թուրքիան բավականաչափ կատարել է իր բարոյական և մարդասիրական պարտավորությունները միգրանտների նկատմամբ: Մեզ համար բացառված է փախստականների հետ կապված լրացուցիչ պարտավորություններ ստանձնելը», – ասել է Չավուշօղլուն գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ հանդիպմանը: Թուրք դիվանագետն ընդգծել է, որ Եվրոպան պետք է հետևություններ անի նախորդ միգրացիոն ճգնաժամերից:
Մաասը Թուրքիային Գերմանիայի անունից երախտագիտություն է հայտնել Քաբուլի օդանավակայանի տարածքից տարհանումն իրականացնելու հարցում ցուցաբերած օգնության համար: «Մեր շահերից է բխում Աֆղանստանի փլուզման պատճառով տարածաշրջանի ապակայունացումը կանխելը», – ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Թալիբների կողմից Աֆղանստանի գրավումը մտահոգություն է առաջացրել Եվրամիությունում 2015-ի միգրացիոն ճգնաժամի հնարավոր կրկնության առնչությամբ, երբ Մերձավոր Արևելքից գրեթե մեկ միլիոն մարդ, փախչելով աղքատությունից և պատերազմից, կարողացավ ճեղքել թուրք-հունական սահմանը:
2016 թվականին փախստականների հոսքը դադարեցնելու համար ԵՄ-ն Թուրքիայի հետ պայմանագիր կնքեց պատերազմից փախած սիրիացիների ընդունման և տեղավորման վերաբերյալ: Եվրոպական կողմը ստանձնեց անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը։ 2021 թվականի դրությամբ Թուրքիայում ապրում է Սիրիայից մոտ 3,7 մլն փախստական, ևս 300 հազարը ՝ Աֆղանստանից: Աֆղանստանում իրավիճակի սրման ֆոնին Հունաստանի իշխանությունները հայտնել են Թուրքիայի հետ սահմանին պատի կառուցման ավարտի մասին: