ՌԴ-ն հայտարարել է թալիբների հետ կապեր հաստատելու մասին
«Ռուսաստանը պետք է նորմալ հարաբերություններ պահպանի Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ», – ասել են ՌԴ ԱԳՆ -ից:
Ռուսաստանի ԱԳՆ -ն հայտարարում է, որ արդեն հարաբերություններ է հաստատում Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների հետ: Այս մասին օգոստոսի 30 -ին հայտարարել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Ազիմ Կաբուլովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր դեսպանատունն աշխատում է Քաբուլում և բավականին ակտիվ: Մենք վաղուց այդպիսի կապեր ենք հաստատել: Եվ մենք պետք է հաստատենք…Մենք պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ: Մենք, ինչպես և շատերը, ունենք որոշակի մտահոգություններ երկրում հետագա ռազմաքաղաքական իրավիճակի, հիմնարար նորմերի պահպանման, մարդու իրավունքների վերաբերյալ, բայց այս ամենով հանդերձ, մենք պետք է հաշվի առնենք Աֆղանստանի ժողովրդի առանձնահատկությունները, մշակութային և կրոնական բնութագրերը», – հավելել է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանը չի բացառում Աֆղանստանում թիրախների վրա ԱՄՆ -ի նոր օդային հարվածները և ակնկալում է, որ ամերիկյան զինուժի թողած զենքերը չեն օգտագործվի երկրում նոր քաղաքացիական պատերազմի համար:
Կաբուլովը կարծում է, որ Արևմուտքը չպետք է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծի երկրում իրավիճակի նորմալացման համար:
Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի սոցիալ-տնտեսական վերականգնման քննարկմանը:
Նրա կարծիքով՝ փախստականների հետ կապված իրավիճակը ճշգրիտ գնահատելու համար ՄԱԿ -ի ներկայացուցիչները պետք է վերադառնան Աֆղանստան: